Դե ի՞նչ ասեմ` գիտեք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նշանակված է հունիսի 6-ին, ժամը 22.45-ին, հանդիպման վայրը` Բեռլին: Բնականաբար, մրցելու են «Յուվենտուսն» ու «Բարսելոնը», ու մեր ասածի այս անվերապահությունը կատարվածի սոսկական արձանագրում չէ: Ինչի ինչպես լինելու մասին բարեխիղճ ընթերցողին մենք վաղօրոք էինք զգուշացրել` հոգալով նրա առողջության, նյարդերի ամրության մասին:
ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ
Թերթի ու հեռուստատեսային հաղորդման միջև կա ահռելի տարբերություն: Վերջինիս հետքերը կորցնելը բավական հեշտ է` կարող ես, օրինակ, ասել` «Կրիչը փչացել է» ու` վերջ. հաղորդումը չկա: Դե գնա ու ապացուցիր, որ սա քեզ այսպես է ասվել ու այնպես չի ասվել:
Թերթի բանն ուրիշ է: Սևով սպիտակի վրա գրել ես, գրածդ հազարապատկված հասել է ընթերցողին, ու թե մի հրաշքով 999-ը ոչնչացված լինի, մեկի խորդանոցում ոնց էլ լինի, մի հատիկ պահված կլինի: Այնպես որ, եթե գրածիցդ հետո ուզենաս ասել, թե այդպես չէ, այնպես ես գրել, չուլանից գտածը մախաթ է դառնալու ու… Մի խոսքով` բերանդ ծեփելու են, քեզ էլ, եթե կա դրա հույժ անհրաժեշտությունը, սվաղելու են:
Հիմա այն մասին, թե ինչու էսքան երկար-բարակով սկսեցի:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղից հետո զգուշացրել էի. «Ոչնչով ուղղորդում մի դիտեք ասածս, բայց և, եթե չգիտեք, իմացեք` վերջին երեք տարում եզրափակիչ դուրս են եկել առաջին խաղում հաղթած թիմերը»: Չէ, ի՞նչ էիք ուզում, բացեիբաց գրեի, որ եզրափակիչ են դուրս գալու «Բարսելոնն» ու «Յուվենտուսը» ու աշխարհում «Բավարիայի» ու «Ռեալի» ինչքան երկրպագու կար, հանեի դե՞մս:
Դեմ հանելու հետ կապված: Ճանաչողները գիտեն, չճանաչողներն էլ թող իմանան` մենք ոչ փախչող, ոչ էլ անկյուն փնտրող տեսակից ենք: Այնպես որ, այս մեկի հետ կապված` փաթթեցինք, գցեցինք կտուրը: Ինչ վերաբերում է լինելիքը խաղեր տալով ասելուն, այստեղ զուտ էթիկայի հետևից ենք գնացել, որ, իբր, տեսեք` կա նման վիճակագրություն ու որ զուր տեղը զուր հույսեր մի փայփայեք, թե, խոսքի օրինակ, «Ռեալը» կուտի «Յուվենտուսին» և եզրափակիչում կլինի էլ կլասիկո: Էլ կլասիկոն չէր մտահոգությունս, այլ տոտոները սրբի դուռ սարքած մոլորյալները, ովքեր տան հացի վերջին կոպեկը տանելու էին, շան ու գելի բաժին էին դարձնելու: Ավելին ասեմ, մի քանի մոլորյալ ուղտի նույնիսկ համոզել եմ ճակատագրական սխալ չանել, բայց դե, գիտեք, գայլի գլխին ավետարան են կարդում, ասում է` շուտ արեք, ոչխարը սարն անցավ:
ԽԱՂԵՐԸ
Խաղ առաջին: Գործնականում «Բավարիան», իհարկե, կարող էր մեկ էլ, երկու էլ, երեք գնդակ էլ խփել «Բարսելոնին», բայց որ դրանց կատալոնցիները առնվազն մեկով չէին պատասխանելու, միայն այս աշխարհից բեխաբարը կարող էր հավատալ: Գերմանական ակումբը շատ արագ գոլի հեղինակ դարձավ ու դրանով իսկ իր տունը քանդեց: Դա նույնն էր, թե մատդ տանեիր` աչքդ հանեիր: «Բարսելոնը» բավականին արագ պատասխանը տվեց: Ռուսները կասեին` վպ ՏՑւՏՊÿ ՏՑ ՍՈրրօ: Հետո, որպեսզի մրցակիցը հարկ եղածից ավելի լավատես չլինի, մյունխենցիներին մի հատ էլ սառը ցնցուղի տակ պահեց` հասկացնելով, որ լոգանքը ոչ միայն հիգիենիկ նշանակության խորհուրդ ունի, այլև բանականության, խելքի գալու կոչ է պարունակում:
Թե առաջին խաղակեսի ավարտին հանդերձարան գնալու ճանապարհին ինչի մասին էին խոսում Գվարդիոլան ու Մեսին, բնականաբար ոչինչ չեմ կարող ասել, բայց որ երկրորդ խաղակեսում «Բարսելոնը» չխաղաց ու բառիս բուն իմաստով գնդակ տշեց, տեսաք: Իսկ հանդիպման 3:2 հաշիվը` հօգուտ «Բավարիայի», երկու խաղի արդյունքով ոչինչ չասող բան էր Գվարդիոլայի սաների համար (բայց ոչ երբեք Գվարդիոլայի, ում աստեղային ժամերը «Բարսելոնում» են եղել, և ով սխալմամբ կամ սովորույթի ուժով կատալոնցիների հանդերձարանն էր մտել հանդիպումից առաջ), որովհետև որքան էլ աշխարհագրորեն Բեռլինն ավելի մոտ է Մյունխենին, միևնույն է, այնտեղ գնալու է «Բարսելոնը», ու դա միանգամայն օրինաչափ է, քանզի ներկայիս եվրոպական ակումբային ֆուտբոլում ¥աշխարհի ֆուտբոլն էլ` վրադիր¤ կատալոնցիներն արքա են, մնացածը` թագաժառանգ: Իհարկե, ես ավելի քան հստակ գիտակցում եմ, որ ոմանց համար սա փաստի անհաճո արձանագրում է, բայց այդ ե՞րբ է ճշմարտությունը շաքարի քաղցրություն ունեցել, որ ինձնից էլ փաստերի աղավաղում եք պահանջում:
Խաղ երկրորդ: Եթե «Բարսելոն»-«Բավարիա» դիմակայության առաջին խաղից հետո վերջնահաշվի կտրվածքով գործնականում ամեն ինչ հայտնի էր, «Ռեալ»-«Յուվենտուս» առճակատումը ինտրիգը պահպանում էր: Խաղը ֆանտաստիկ լարված ստացվեց: «Ռեալը» հնարավոր ամեն ինչ արեց հաղթանակի հասնելու, «Յուվեն»` չպարտվելու համար: Արդյունքում արձանագրվեց ոչ-ոքի (1:1), ինչն էլ եզրափակիչ հանեց իտալացիներին:
Որքան էլ տպավորությունները դեռ տաք են, ու այս տողերը գրելիս սառը գլխով դատելու առանձնապես ժամանակ չկա, այդուհանդերձ, չափազանց դժվար է ասել, թե եզրափակչում ավելի նախընտրելի կլիներ «Բարսելոն»-«Ռեա՞լ», թե՞ «Բարսելոն»-«Յուվենտուս» զույգը: Մի բան է միանշանակ` «Բարսելոն»-«Ռեալ»-«Բավարիա»-«Յուվենտուս» քառյակից նրանք, ովքեր իտալական ակումբն էին համարում ամենաթույլ օղակ, չարաչար սխալվեցին: «Ծեր սինյորան» ապացուցեց ժողովրդական իմաստությունը չհավանած քարի մասին` միաժամանակ ապացուցելով, որ թեև իր ժողովրդական անվանման մեջ ակնհայտ է կանանց սեռին պատկանելու տարրը, իրականում ինքը տղա թիմ է:
Հայտնի է, որ Մասիմիլիանո Ալեգրին «Յուվեի» ղեկին հայտնվեց հանգամանքների բերումով, ու նրա նշանակումը միանշանակ չընդունվեց: Սակայն փաստը մնում է փաստ, որ հենց նրան էր վիճակված տասներկու տարվա ընդմիջումից հետո հեղինակավոր այս ակումբը հանել եվրոպական գլխավոր եզրափակիչ (սա թիմի պատմության մեջ կլինի հինգերորդ եզրափակիչը): Դնենք մի կողմ, թե նա որքան արժանապատվորեն կդիմանա կատալոնյան ֆանտաստիկայի քննությանը, բայց որ հենց նրա գլխավորած թիմն է եզրափակչում, արդեն իսկ փակում է շատ ու շատ բերան և ստիպում ընդունել մասնագետի նրա իմացությունը ֆուտբոլային գաղտնիքների մասին:
Իհարկե, «Բարսելոն»-«Յուվենտուս» դիմակայության մասին խոսելու բան շատ կա: Փառք Աստծո, դիմացներս ահագին ժամանակ ունենք ու խոստանում ենք ընթերցողին այս ընթացքում տաք զարկերակի վրա պահել: Հիմա բավարարվենք մի երկու ինֆորմացիա տալով, որոնք ավարտված հանդիպումների թարմ հետքերով են:
Եզրափակիչ են ելել երկու ակումբներ, որոնք հնարավորություն ունեն հասնելու ընթացիկ մրցաշրջանում ներսում ու դրսում խաղարկվող առավելագույն մրցանակներին: Երկուսն էլ ելել են իրենց երկրների գավաթային խաղերի եզրափակիչ, «Բարսելոնը» ներքին առաջնությունում մոտ է չեմպիոնությանը («Յուվենտուսն» արդեն իսկ նվաճել է այն): Ինչ վերաբերում է գլխավորին` Չեմպիոնների լիգայի գավաթին, այստեղ արդեն նրանցից մեկնումեկը զիջելու է, թեպետ հաղթողը… երկուսն են լինելու: Եթե ուզում եք կոնկրետացումներ, ուրեմն բավական անփույթ եք եղել նյութն ընթերցելիս:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ